Այսօր չի գտնվի մեկը, որ լսած չլինի մեծ մարգարե, աստղագետ Միշել դը Նոստրադամուսի մասին, որի ծննդյան 507-ամյակը լրացավ այս օրերին:Միշել
դը Նոտրդամը, որ հիմնականում հայտնի է Նոստրադամուս անունով, ծնվել է
1503 թ. դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Պրովանսի Սեն-Ռեմ քաղաքում:
Նոստրադամուսի նախնիները քրիստոնեություն ընդունած հրեաներ էին: Ռընե Բարիի
կառավարման տարիներին (XV դարի երկրորդ կես) հրեաները հոծ խմբերով
հաստատվեցին Պրովանսում: Այստեղ նրանց գործունեության համար լայն ասպարեզ
բացվեց, քանզի հրեաներին թույլատրեցին զբաղվել ոչ միայն իրենց սիրելի
արհեստով` առևտրով, այլև արհեստներով ու գիտությամբ: Իշխան Ռընեն այնքան
բարի և համարձակ գտնվեց, որ անգամ կրոնական ազատություն շնորհեց հրեաներին,
և շատերն արագ երես թեքեցին քրիստոնեությունից ու հարեցին իրենց նախկին
դավանանքին:
Հրեաների նկատմամբ
այս բարյացկամ վերաբերմունքի մեջ մեծ դեր ուներ Ռընե Բարիի անձնական բժիշկն
ու խորհրդականը` ազգությամբ հրեա Ժան դը Սեն-Ռեմին: Ռընեի որդու`
Կալաբրիայի դուքս Ժանի պալատական բժիշկը Պիեռ դը Նոտրդամն էր:
Այս
երկու բժիշկները գործի բերումով հաճախ էին հանդիպում, շփվում և կարճ
ժամանակ անց բարեկամներ դարձան: Շուտով Պիեռ դը Նոտրդամի որդին ամուսնացավ
Ժան դը Սեն-Ռեմիի դստեր հետ:
Սակայն
հրեաների գլխին դարձյալ սև ամպեր կուտակվեցին. 1501 թ. Ֆրանսիայի
Լյուդովիկոս XII թագավորը Պրովանսի հրեաներին հրամայեց կա՛մ կրկին մկրտվել և
քրիստոնեություն ընդունել, կա՛մ հեռանալ երկրից: Երիտասարդ նորապսակները
որոշեցին մկրտվել և մնալ Պրովանսում:
Ահա
1503 թ. դեկտեմբերի 14-ին էլ ծնվում է նրանց առաջնեկը, որին կոչեցին
Միշել: Նա պատանեկության տարիներից աչքի ընկավ իր ուշիմությամբ ու
արտասովոր ունակություններով: Ծնողները ցանկացան, որ իրենց որդին գնա
պապերի ճանապարհով և բժիշկ դառնա: Միշելը ժամանակի համար փայլուն բժշկական
կրթություն ստացավ և երիտասարդ տարիքից աչքի ընկավ իր ծառայություններով:
Նա որպես բժիշկ փայլեց հատկապես 1525 թ. համաճարակի ժամանակ, երբ աշխատում
էր Բորդոյում և Թուլուզում: Մի քանի տարի անց Նոստրադամուսը տեղափոխվեց
Աժեն: Նա ամուսնացավ և երկու երեխա ունեցավ` որդի և դուստր: Սակայն
ճակատագիրը դաժան հարված էր պատրաստել Նոստրադամուսի համար: Աժենում
համաճարակի զոհ դարձան նրա կինն ու երեխաները: Հարվածը դաժան էր ոչ միայն
բարոյական իմաստով: Միշելի` որպես բժշկի համբավը խիստ ընկավ: Նրանից բոլորը
երես թեքեցին:
Բայց սա դեռ ամենը
չէր: Խնդիրներ առաջ եկան` կապված իշխանությունների հետ: 1532 թ. նա ստիպված
էր ներկայանալ Թուլուզի ինկվիզիտորին: Նոստրադամուսը կարողացավ խույս տալ
հերետիկոսության մեղադրանքից, բայց ստիպված էր հեռանալ արդեն հարազատ
դարձած վայրերից: Նա մի քանի տարի ճանապարհորդեց Եվրոպայում և վերադառնալով
Ֆրանսիա` հաստատվեց Պրովանսի Սալոն քաղաքում:
Սկիզբ առած ժանտախտի նոր համաճարակը կրկին ճանաչում բերեց Նոստրադամուսին` որպես բժշկի:
Սալոնում
նա ամուսնացավ երկրորդ անգամ: Այստեղ ի հայտ եկան նաև նրա մարգարեական
ունակությունները: Նա գրեց իր նշանավոր «Հարյուրամյակներ» պոեմը, որ
բաղկացած էր քառյակներից: Գիրքը արագ սպառվեց, մի քանի վերահրատարակություն
ունեցավ և Նոստրադամուսին մեծ փառք ու ճանաչում բերեց: Վալուաների
դինաստիայի ահեղ տիրակալուհին` Եկատերինա Մեդիչի թագուհին,որ միստիկ
երևույթների սիրահար էր, Նոստրադամուսին հրավիրեց իր պալատ:
Նոստրադամուսին
իր հովանու տակ առավ Եկատերինայի ամուսինը` Հենրիխ II թագավորը (1543 –
1559 թթ.): Սակայն մարգարեն չէր կարող չկանխատեսել Վալուաների արդեն մարող
աստղը, և նա իր զրույցներում Եկատերինա Մեդիչիին զգուշացնում է ապագա մեծ
դժբախտությունների մասին: Իսկապես, 1559 թ. պատահական արձակած նետից
(մրցման ժամանակ) զոհվում է Հենրիխը, մեկ տարի անց` Եկատերինայի մյուս
որդին` գահը ժառանգած Ֆրանցիսկ II-ը (1559-1560 թթ.): Այս ամենը ծայրահեղ
փչացրին Նոստրադամուսի հարաբերություններն իր հովանավորների հետ, և Կարլոս
IX թագավորն (1560 – 1574 թթ.) անգամ հալածանքներ սկսեց նրա դեմ:
Վալուաներն ընդունում էին նրա մարգարեական արտասովոր ունակությունները,
անգամ վախենում էին նրանից, բայց և միաժամանակ ատելությամբ էին լցվել նրա
հանդեպ` կատարվածի մեջ որոնելով նաև նրա մեղավորությունը: Իսկ երբ նույն
թվականին մահացավ նաև Եկատերինայի կրտսեր որդին` Անժուի դուքս Ֆրանսուան,
Նոստրադամուսը ստիպված էր այլևս խուսափել հասարակության մեջ երևալուց:
Նոստրադամուսը
տառապում էր երիկամային հիվանդությամբ, առողջությունն իսպառ քայքայվել էր:
1566 թ. հունիսի 17-ին նա մահացավ: Նրա շիրմաքարի վրա գրված է. «Այստեղ
հանգչում է Նոստրադամուսը, մի մահկանացու, որ անհրաժեշտ գտավ իր
աստվածային գրչով կանխատեսելու ողջ աշխարհի ապագան»:
Մարգարեն
ոչ միայն ճիշտ է գուշակել Վալուաների դինաստիայի անկումը, այլև իր
կանխատեսումներում ավելի հեռուն է գնացել: Նա ճիշտ և ճիշտ կանխատեսել է
Ֆրանսիական հեղափոխությունը` իր առանձին դրվագներով: Կանխատեսել է
Նապոլեոնի ժամանակաշրջանը և կայսեր կերպարը. «Կայսրը, որ թանկ կնստի
կայսրությանը, կծնվի Իտալիայի մոտ… Նա ավելի շատ մսագործի է նման, քան մեծ
իշխանի: Հասարակ զինվորից նա կհասնի կայսրության»:
Նոստրադամուսը
գրել է նաև «Նոր Բաբելոնի» ստեղծման մասին, որը կտևի 73 տարի և 7 ամիս:
Բայց ամենասարսափազդուն, թերևս, Նոստրադամուսի վերջին կանխատեսումն է, ըստ
որի` ահավոր համաճարակից կկործանվի երկրի բնակչության 2/3-ը: